Ռոման Բերեզովսկի «Աստված կանչեք, որ գոնե 3 տարի լիարժեք պաշտպանի մեր դարպասը»,- օրերս իր ֆեյսբուքի էջում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսպես էր արտահայտվել հավաքականի դարպասապահի հերթափոխի վերաբերյալ։ Բերեզովսկու հուսալիությունը ևս մեկ անգամ հիացրեց բոլորիս։ Այո, առաջին խաղակեսում երկու անգամ Ռոմանը սխալ դուրս եկավ տեղից և երկու դեպքում էլ գնդակը հրաշքով չհայտնվեց մեր դարպասում։ Սակայն եղան մի շարք այլ դեպքեր, որոնցում Բերեզովսկին փայլեց ու երկրորդ պաշտոնական խաղում անընդմեջ կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։ Ընթացիկ ընտրական փուլում փորձառու դարպասապահը 4 անգամ կարողացել է «չոր» հանդիպում անցկացնել։
Լևոն Հայրապետյան Պաշտպանության ձախ եզրում կրկին Հայրապետյանի խաղը աչք էր շոյում։ Եղան որոշ դրվագներ, որոնցում սլովակները մեծ ճնշման արդյունքում կարողացան վտանգավոր պահեր ստեղծել Լևոնի եզրով, սակայն ընդհանուր առմամբ Հայրապետյանը լավ հանդիպում անցկացրեց, ինչն արդեն ավանդույթ է դառնում։ Հրայր Մկոյան Սլովակներն ամեն ինչ արեցին Մկոյանին շարքից հանելու համար, բայց գյումրեցին անկոտրում էր, և ոչ մի հարված չէր կարող նրան դուրս թողնել պայքարից։ Հրայրը կռվեց և պատվով դուրս եկավ ծանր փորձությունից։ Ափսոս, որ ևս մեկ դեղին քարտի պատճառով չի կարողանա մասնակցել հաջորդ ընտրական խաղին։ Վալերի Ալեքսանյան Ալեքսանյանը շատ լավ մրցաշրջան է անցկացնում, ինչի մասին խոսվում էր դեռևս գարնանը, երբ հանդես էր գալիս «Ուլիսում»։ Վալերին պաշտպանության կենտրոնում Անդորրայի խաղի համեմատ շատ ավելի հաջող գործեց, թեև ճնշումը բավական մեծ էր։ Վերջապես Ալեքսանյանը կարողացավ իր խոսքն ասել հավաքականում, և այս խաղը հիմք է ստեղծում կարծելու, որ հանձինս նրա Հայաստանը ունեցավ ևս մեկ ուժեղ կենտրոնական պաշտպան։
Սարգիս Հովսեփյան Հավաքականի ավագն ամենափորձառու ֆուտբոլիստն էր խաղադաշտում, բայց նույնիսկ այդ հանգամանքին, առաջին խաղակեսում բավական էմոցիոնալ ֆուտբոլ էր խաղում և հունից դուրս էր գալիս մրցավարի ոչ ճիշտ որոշումներից։ Այս ամենը գերլարման արդյունք էր, որը Հովսեփյանին թույլ տվեց գերազանց հանդիպում անցկացնել, իսկ 0։1 հաշվի ժամանակ նա ուղղակի փրկեց Հայաստանին իրական գոլից, ինչը այս խաղի ելքի վրա մեծ ազդեցություն ունեցավ։
Արթուր Եդիգարյան Վերջին ամիսներին Արթուրն աստիճանաբար ավելացնում է, որի արդյունքը եղավ կրկին հավաքականի հիմնական կազմում հայտնվելը։ Իսկ դա տեղի ունեցավ շատ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին։ Եդիգարյանը կենտրոնում անկասելի էր և շատ լավ կարողանում էր «քանդել» սլովակների գրոհները։ Հենակետային կիսապաշտպանի դիրքում ավելի լավ խաղ հնարավոր չէր պատկերացնել։
Կառլեն Մկրտչյան Նույնը կարելի է ասել նաև մեր մյուս հենակետայինի՝ Մկրտչյանի վերաբերյալ, ով այս անգամ իրոք զարմացրեց։ Մկրտչյանը շատ լավ խաղային որակներ ունի և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն վերջին շրջանում Կառլենը զրկված է խաղային պրակտիկայից, ուստի դժվար էր ենթադրել, որ նման բարձր մակարդակով հանդիպում կանցկացնի։
Գևորգ Ղազարյան Առաջին խաղակեսում Ղազարյանի խաղը չստացվեց, սակայն երկրորդում սավառնում էր և նրա խփած երրորդ գնդակը վճռեց խաղի ելքը։
Հենրիխ Մխիթարյան Ահա թե ինչի է ընդունակ Մխիթարյանը երբ հանդես է գալիս առջևի գծում։ Այս անգամ նա ասպարեզ դուրս եկավ որպես աջ կիսապաշտպան, սակայն հիմնականում հայտնվում էր կենտրոնում։ Հենց այդպես էլ արարեց երկրորդ գնդակը, որը բավական գեղեցիկ ստացվեց։ Նրա հաջող խաղի արդյունքում ծնվեցին նաև երրորդ և չորրորդ գոլերը։
Մարկոս Պիզելի Այս անգամ գոլի հեղինակ չդարձավ, սակայն ավելի բարձր որակի ֆուտբոլ ցուցադրեց քան Անդորրայի հետ խաղում։
Յուրա Մովսիսյան Հենց սկզբից լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին, որոնք բավական ուշադիր էին Մովսիսյանի նկատմամբ, սակայն դա չխանգարեց Յուրային երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացել հաշիվը։ Այս գոլը բեկումնային դարձավ Հայաստանի համար։
Արթուր Սարկիսով, Էդգար Մանուչարյան, Զավեն Բադոյան Փոխարինման դուրս եկած այս ֆուտբոլիստները նույնպես միայն դրական տպավորություն թողեցին, իսկ Սարկիսովը կարողացավ բացել գոլերի հաշիվն ազգային հավաքականում։
Հ.Գ.Պետք է նաև արժանին մատուցել գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, ով այս խաղում կարողացավ անակնկալ մատուցել սլովակներին ու հասավ հաջողության։ Ուրախալի էր նաև, որ համեստությամբ աչքի ընկնող մարզիչն այս անգամ ավելի էմոցիոնալ էր և 3-րդ գոլից հետո ինչպես հարկն է արտահայտեց իր ուրախությունը, ինչը բնորոշ է հաղթող մարզիչներին։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում Մինասյանն ի տարբերություն իր գործընկերոջ զուսպ արտահայտվեց մրցավեճի վերաբերյալ և խաղադաշտում ասեց իր ասելիքը։